Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐԻՆ, ՈՐ ՄԵԶ ԱԶԱՏԵՑ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՐԺԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՎԱՆԵԼՈՒՆ

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՄԵՆԱԶՈՐԻՆ, ՈՐ ՄԵԶ ԱԶԱՏԵՑ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՐԺԱՆԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՎԱՆԵԼՈՒՆ
05.11.2010 | 00:00

Այս խորագիրը ավելի ճիշտ կլիներ գրվեր «Հայերը` աշխարհին», որովհետև հենց այդ մասին կկարդա ընթերցողը, բայց խոնարհությանը տուրք տալով խորագիրը դրեցի առաջին տարբերակով։
Որ Հայաստանն աշխարհին հայտնի հինավուրց պետություններից է, վկայում է Սարգոն Աքքադացու ժամանակների (մ.թ.ա. 2400 թ.)` Բրիտանական թանգարանում գտնվող Բաբելոնյան քարակերտ քարտեզը, որտեղ Ասորեստանի ու Բաբելոնի կողքին գրված է Հայաստան անունը:
Նաև մեծ հայագիտակ Ղևոնդ Ալիշանի պնդմամբ, աշխարհի չորս հինավուրց ազգերից են հայերը, որոնք, ըստ Աստվածաշնչի, սերում են անմիջապես Նոյի որդի Հաբեթի թոռ Թորգոմից, հրեաները՝ Աբրահամից, որը Նոյից հետո տասներորդն էր, մյուս երկուսն էլ չինացիներն ու հնդիկներն են համարվում: Ալիշանը հիմնվել է Հովհաննես իմաստասեր Սարկավագ վարդապետի հաշվարկների վրա, որոնց համաձայն, հայոց ազգը 2492 տարեկան է, Քրիստոսից առաջ ու գումարած այսօրվա մեր թվականը: Այսինքն` այս հոդվածի տպագրման թվականին մեր ազգը 4502 տարեկան է:
Աշխարհակալ պետությունների և մեր ազգի մեջ կատարվել է Աստծո հավիտենական մի խոստում, որ տրվել էր բոլոր քրիստոնյա հավատացյալների հայր Աբրահամին. «Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս: Սրանից հետո քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը (որ թարգմանվում է հայր բազմության - հեղ.), որովհետև բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ: Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ» (Ծննդ.17.4-6): Եվ այս խոստումը տրվեց այն բանից հետո, երբ Աբրամը հոժարեց իր Իսահակ որդուն զոհասեղանին դնել: Եթե ուշադիր կարդացիք Աստծո խոսքը, ապա գրված էր, որ քեզ ազգերի նախահայր պիտի անեմ, այսինքն, բացի հրեաներից, նաև այլ ազգերի: Ահա Իր ընտրյալ Աբրահամի սերնդից՝ պարթևներից, որոնք սերվել են Աբրահամի Քետուրա կնոջից ծնվածի առաջնեկից, Տերը մի ճյուղ պատվաստեց հայոց «դարավոր կաղնուն», հանձինս Արշակունյաց թագավորների ու Գրիգոր Լուսավորիչ Պարթևի, որ պտղաբերեց ընտիր ու պատվական պտուղներով: Արարիչ Տերն Աբրահամի միջոցով նաև «հավատքի ձիթենին» տնկեց աշխարհում, որի վրա հայորդիներս առաջինն ազգովին պատվաստվելով պտղաբերեցինք աստվածահաճո սրբերով: Այնուհետև Քրիստոս Հիսուսին հավատալով պատվաստվեցին մնացած ազգերը, մինչև որ կգա հեթանոսների լրումը, որից հետո վերջ. երկնային մանգաղը գործի պիտի դրվի, որ որոմը ցորենի հետ հնձելուց հետո մաքրեն, որ ցորենը հավիտենական շտեմարանները հավաքեն, իսկ հարդն ու որոմն այրեն անշեջ կրակով:
Իհարկե, շատ հայորդիներ այս իրողություններին ծանոթանալուց հետո պետք է զարմանք ապրեն (ինչպես և ես ժամանակին ապրեցի), բայց երբ կարդում էի շատ շատերիցս ավելի մեծ հայրենասեր Ղևոնդ Ալիշանի մտորումներն այս հարցի մասին, դրանից հետո ավելի համոզվեցի, որ մենք մեր սահմանափակ, ճղճիմ անձերի տեսանկյունից ենք նայում հարցերին, իսկ Աստված ամեն բան հավիտենական չափանիշներով է ծրագրում: Եվ, ըստ մեր սիրելի պատմագետ հոր, Տերը հայոց արի ու քաջ Հայկ Նահապետի ցեղի քաջությունը և նախանձախնդրությունն առ Աստված (քանզի նա սպանեց ամեհի ու հպարտացած Նեբրովթին, որն է Բելը, հոգու նախանձախնդրությամբ վառված հանդիմանելով նրան. «Դու ոչ թե Աստված ես, այլ շուն, իսկ քո հետևից շարքով քարշ եկողները՝ շների ոհմակ», քանի որ Բելը Նեռի` սատանայի խորհուրդն էր կրում, որն ուզում էր իրեն աստված ձևացնել նորաստեղծ ազգերի մեջ), միաձուլվեց Աբրահամի հավատքի հետ: Եվ այդ միաձույլ, Աստծո նախախնամությամբ խմորված հայոց ազգն իրավունք և պատիվ պետք է ստանար առաջինը բոլոր ազգերից իր վրա կրելու Քրիստոս Տիրոջ սուրբ և օրհնյալ Անունը, որը վեր է բոլոր անուններից, թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, թե՛ սանդարամետում: Եվ ինչպես հմուտ մետաղագործն է երկաթին խառնում այլ մետաղներ և ձուլելով ստանում մի նոր, ավելի կարծր ու դիմացկուն մետաղ, պատերազմում հաղթելու համար (ինչպես, օրինակ, չժանգոտվող ընտիր պողպատը կազմված է նախ երկաթի՝ որպես հիմնանյութի, ապա մոլիբդենի, նիկելի, վոլֆրամի և այլ հազվագյուտ մետաղների համաձուլվածքից), այդպես էլ Տերն Իր Արարչական նախախնամությամբ հայոց ազգի հոգու քաջ ու արիասիրտ հենքին միահյուսեց այլ ազգերի ընտիրների առաքինությունները, որպեսզի այդ «համաձուլվածքով» պատրաստեր Դավթի Թուր Կեծակին, ու կտրեր Գողիաթի՝ սատանայի գլուխը, որը հազարամյակներ շարունակ անարգել իշխում էր աշխարհի ազգերի վրա:
Այս նյութը պեղումներով շարունակելու համար օգտվենք ավետարանական մի դրվագից. «Այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ՝ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն: Նրանք մոտեցան Փիլիպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոսը եկավ և Անդրեասին ասաց: Անդրեասն ու Փիլիպոսն էլ Հիսուսին ասացին: Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ.12.20-24): Ըստ լուրջ աստվածաբանների, այս դրվագը վերագրվում է Աբգարի հայ դեսպաններին, ովքեր նրա հրամանով թագավորական նամակն էին բերել Հիսուսին, և, ըստ Մովսես Խորենացու, արդեն տեղեկացանք, որ Հիսուսը պատասխանել է այդ նամակին: Եվ դա ճշմարիտ է, որովհետև ազգերի միջից ոչ թե հույները, այլ հայերը որպես մեռնող ու հառնող ցորնահատ կենաց ու մահվան պայքարով առաջինը փառավորեցին Տիրոջը: Հայտնի է նաև, որ Տերն Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկոս 16. 15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվում է աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև առաջինը հայոց ազգը ծիլ տվեց, հասունացավ ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ երբ Հռիփսիմյանց կույսերն Աստծուց ուղարկվեցին Հայաստան աշխարհ և Իր առաքյալների սերմանածը ոռոգեցին իրենց նահատակության կուսական արյամբ. քանզի այդ էր Արարչի կամքը, որ Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի հետ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս»՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը, նրա հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնն ու Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկին՝ Հայկոսին (անվանենք Նոր կտակարանին համահունչ այս նորահնար անունով, քանզի հներն անցան և ամեն բան նոր եղավ): Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել, պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինել: Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց այդ քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատի հանդեպ, քանզի նրան իր դեռևս հեթանոս, գողամիտ ու պղծասեր նախարարների միջոցով մահաթույն խմեցնելով` հայոց մեծաբորբոք ջահը մարեցին, խավարեցնելով Հայաստան աշխարհը: ՈՒ չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների այդ թողտվության համար, քանզի ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը՝ կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակով պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց: Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են բխում: ՈՒ այդ է պատճառը, որ հոգու հավատքով երկնային բուրմունք չհոտոտած մշակութային շերտի մեր անձինք իրենց երկրաքարշ մտային կարողությամբ անմտաբար նսեմացնում են տիեզերածավալ այս խորհուրդը, ներկայացնելով որպես պատմագեղարվեստական խղճուկ արժեք: Իրենց տկարամիտ «արշինով» չափ ու ձև անելով ու կարկատելով հայոց ազգի դարձի պատմությունը` մեզ հրամցնում են իրականության խրտվիլակը: Երբեմն էլ ավելի վատթար՝ քննադատում են Գրիգոր Լուսավորչին ու Տրդատին, որ նրանք հայոց հին մշակույթի տաճարներն են քանդել ու բռնի քրիստոնեություն տարածել: Տկարամտության այդ ջատագովներին հարց եմ տալիս այս «Իրատես de facto»-ի էջերից (քանի որ լրագրա-հեռուստատեսային իշխանության բարձունքներն իրենց ձեռքում են գտնվում). դո՛ւք, որ ձեզ քրիստոնյա համարելով, ճոխացված ու պաճուճազարդ խոսքերով փորձում եք բարբառել երկնային անճառ խորհուրդներից, խոստովանե՛ք ամենատես Աստծո և հայ ժողովրդի առաջ, որից փառք ու պատիվ եք ակնկալում, նսեմացնելով մեր հայոց մեծերի՝ ազգի ուղնուծուծը համարվող սրբերի՝ հանձինս Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլ ընտիրների հավատն ու հոգու դավանանքը: Գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը: Ինչո՞վ եք զբաղված Տիրոջ սուրբ օրերին՝ կիրակիներին ու եկեղեցական տոներին. ձեր մարմնի ու մտքի հեշտասեր կա՞մքն եք կատարում, թե՞ հոգիներիդ քաղցն ու ծարավն եք հագեցնում Աստծո անունով կայացած շինություններում, որ եկեղեցիներ ենք կոչում: Վերջին անգամ ե՞րբ եք աղոթք արել, ու եթե արել էլ եք, ապա ո՞ւմ՝ Աստծո՞ւն, Որի խոսքն եք զանցառել կյանքով ու գործով: Ծոմ ու պահք պահե՞լ եք, զղջումով ու խոստովանությամբ սուրբ կենարար Հաղորդության խորհուրդին մոտեցե՞լ եք, նախապես ձեր դեմ բան ունեցող չարակամներին ու հայհոյողներին օրհնելով, ձեզ ատողներին ներելով, ձեր դեմ թշնամացածների մոտ գնալով ու հաշտվելով, որբերին ու որբևայրիներին այցելելով, նրանց ցավն ու վիշտը կիսելով, ձեր հաց ու հանդերձից բաժին հանելով: Իսկ եթե չեք արել, Տերն այն ահեղ Օրը ձեզ պիտի ասի. «Գնացե՛ք մի կողմ, անպիտան ծառաներ, Ես չգիտեմ դուք որտեղից եք»: Եվ դարձյալ. եթե մեկի ընտանիքի մեջ բորոտության մահաբեր վարակ տարածված լիներ, դրանից ազատվելու համար նա կխնայե՞ր այդ ախտով վարակված հագուստները, կամ տան եղած-չեղածը, թե՞ դրանք ամբողջովին կայրեր կյանքները փրկելու համար: Իհարկե՛, ամեն գնով կազատվեր դրանցից, ինչքան էլ դրանք թանկարժեք լինեին, այլապես նորից վարակվելու ահը միշտ սրտներում կլիներ, որն ավելի վատթար է, քան ինքը՝ բորոտությունը: Այդպես էլ վարվեցին մեր սուրբ նախնիները. քանզի նրանք մեզնից լավ գիտեին, թե այդ տաճարներում ինչ հեթանոսական պղծություն էր տարածվել այն ժամանակներում, որովհետև բանն այնտեղ էր հասել, որ դիվապաշտ ու մոլորյալ հեթանոս հայ ծնողներն իրենց անարատ ու դեռատի կույս աղջիկներին տաճարական «առնականների», այսպես կոչված, «սուրբ ցուլերի» մոտ էին տանում, որպեսզի նրանց կուսությունից զրկելով՝ «սրբացնեն», որից հետո հեթանոս «բարեպաշտները» հաճույքով ամուսնանում էին այդ «սրբացած» կանանց հետ ու արդեն պղծությամբ հղացված պոռնկածիններ բազմացնում: Դե ինչ, ավելի՞ խորանանք հեթանոսական գարշաղբի մեջ, կանացի ու տղամարդկանց սեռական անդամների՝ ֆալլոսների երկրպագությո՞ւնը ջատագովենք, որոնց սիրահոժար գրկախառնվում ու համբուրում էին պղծամոլ ու վավաշամիտ հեթանոսները: Թե՞ այսքանը բավարար համարենք, ու փառք տանք Ամենազորին, որ մեզ ազատեց կռապաշտության պղծություններից և արժանացրեց առաջինն Իր սուրբ Անունը դավանելուն և այդ ամենից մաքրվելուն: Երկնքի արքայությունը թանկարժեք մարգարիտի է նման, որի արժեքը միայն հավիտենական արժեքներ փնտրող հոգիները կհասկանան: Եվ մեր ազգն իր հոգու անիմանալի խորքերից փնտրելով, առաջինը գտավ հավիտենական թագավորությունը տանող Դուռը՝ Նրան՝ մեր Փրկչին, որից հետո, շա՜տ հետո, ավելի զորավոր կարծված ազգեր, մեզ որպես բարի օրինակ ունենալով, համարձակվեցին իրենց չաստվածների դեմ ելնել ու իրենց հեթանոսական տաճարներն ավերել, սատանայախորհուրդ որջեր համարելով դրանք: Նույն ինքը՝ Հռոմն ու Տիզբոնը հետագայում հրաժարվեցին իրենց իսկ պաշտած չաստվածներից, որոնց բռնի ուզում էին մեզ պաշտել տալ: Այս մասին գուցե և ավելի քան ընդարձակ գրվեց, բայց երբեմն անհրաժեշտությունը վեր է թվացյալ պատշաճությունից:
Շարունակենք ընթերցողին իրազեկել հայ հոգու քրիստոնեական հաղթարշավի մասին ու գնանք Հայաստանից մինչև Հոլանդիա: Հոլանդիան ո՜ւր, հայերը ուր, իհարկե, կմտածեն ոմանք, բայց մի՞թե արգելք կա Տիրոջ Սուրբ Հոգուն, որն Իր ծառաներին քամու նման տանում է, ուր Ինքն է ուզում: Այս երկրներում, որպես առաջին լուսավորիչ, համարում են սուրբ Սերվակերկին, որի պատվին ամեն տարի Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքում, մայիսի 13-ին՝ այդ սրբի ննջման օրը, մեծ հանդիսավորությամբ նրա սուրբ նշխարների թանկարժեք քարերով ընդելուզված արկղն ուսերին դրած շրջում են քաղաքով մեկ, որը, ըստ նրանց, ունի իրենց ազգի թե՛ հոգիների, թե՛ մարմինների համար առողջարար նշանակություն, որովհետև հինգերորդ դարում Արևմտյան Հայաստանի Սվազ քաղաքից գնացած մի հայ քարոզիչ վարդապետ, Քրիստոս Տիրոջ անունով, աղոթքով կանգնեցրել է այնտեղ տարածված մահաբեր ժանտախտը: Որպես շնորհակալական քայլ, հոլանդացիները 1984 թ. սուրբ Սվազի ոսկեձույլ արձանը կանգնեցրին նրա համանուն եկեղեցում: Այս տողերը գրելիս մտածեցի, գուցե սառնաբարո հոլանդացիներն այս նեղության օրերին, բազմահազար հայ ընտանիքների են հյուրընկալել իրենց առաջին սրբի բարեխոսական օրհնություններն ակնկալելու հույսով:
Հիմա թողնենք արևմուտքը, գանք արևելք՝ մինչև Չինաստան: Ընթերցողի համար, իհարկե, նորից հարց կառաջանա, ի՞նչ կարող է անել մի քանի միլիոնանոց խեղճ Հայաստանն արդեն միլիարդից այն կողմ անցած Չինաստանի համար: Նյութական առումով, իհարկե, ոչինչ, ինչպես այս անեկդոտում. «Մի անգամ Չինաստանի նախագահին պատմում են հայերի մասին: Նա հարցնում է, թե քանի՞ միլիոն են դրանք: Երբ ասում են, թե մի երեք միլիոն, նա հոնքը զարմացած բարձրացնելով հարցնում է. «Իսկ ո՞ր հյուրանոցում են ապրում նրանք»: Իսկ հոգևոր արժեքներով առաջնորդվողներն ասում են, որ հայոց մի քանի միլիոնանոց ժողովրդի հոգու հարստությունից օգտվել են բազմամիլիոնները, ու դեռ շատերին կհերիքի, եթե կարողանան գնահատել այս ազգի հոգևոր արժեքները: Գրվածը հաստատելու համար թող չիմացողներն իմանան ու Աստծուն փառք տան Իր զարմանալի գործերի համար, որ 19-րդ դարի կեսերին, առաջին անգամ Աստվածաշունչը չինարեն է թարգմանել հայազգի մի պարզ, բայց հավատքով զորավոր ուսուցիչ՝ Հովհաննես Ղազարյանը: Եվ, ըստ չինագետների, այդ թարգմանությունը մինչև հիմա համարվում է լավագույնը (Ա. Գ. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ Հայ գաղթավայրերի պատմության, էջ 330): Եվ մարմնացյալ Բանի՝ խոսքի առաջին սերմերն այդ երկրում 200 տարի անց տվել են իրենց բարի պտուղները, քանի որ, ըստ վերջին տվյալների, Չինաստանում այժմ հաշվվում է շուրջ 70000000 քրիստոնյա: Դիտմամբ այդ թիվը յոթ զրոներով գրեցի, որ դրանց առատությունն ամաչեցնի անհավատ հայորդիներին ու գոնե այդպես իրենց սուրբ նախնիների դավանած Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին դառնան ու Նրա փրկարար անունը կանչեն:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ